Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են. Արթուր Վանեցյան



Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են. Արթուր Վանեցյան

Hraparak.am-ը գրում է․ Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ Մենք հետաքրքրվեցինք, թե դրա հետ կապված ինչ է մտածում Արթուր Վանեցյանը։


Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները վկայում են հարեւան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության եւ իշխող ռեժիմի համար։

Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։

Ալիեւի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, եւ մեզ համար հենց այդտեղ է վտանգը։ Իսկ Ալիեւի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով եւ սխալներով հանդերձ, պետականության կայացման եւ հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիեւի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։


Ալիեւը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»․ Հայաստանն առաջիկայում կարողանալու է հաղթահարել բոլոր ներքին դժվարությունները, Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են, եւ մեր երկիրը գնալու է զարգացման, պետականության ուժեղացման եւ համերաշխության ճանապարհով։