ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչպես են մշակութային գործիչներն արձագանքում գույքահարկի բարձրացմանը․ «բնիկ երևանցի» ֆլեշմոբի հետքերով



Երեկվանից համացանցում «բնիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» գրությունը։

Խոսքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։


Այս ֆլեշմոբը նախաձեռնել է հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին։ ArmLur.am-ի հետ զրույցում Արծրունին անդրադառանալով օրենքի նախագծին արձանագրեցի, որ դրա հիմնական միտումը գույքահարկի միջոցով վերջին 30 տարիների ընթացքում գոյացած խայտառակ իրողությունները համակարգելն է, սակայն կան մարդիկ, ովքեր բնիկ երևանցի են, չունեն դղյակներ, բայց այս օրենքը տարածվում է նաև նրանց վրա։

«Իշխող կուսակցության երեսփոխաններից մեկն ինձ խորհուրդ է տալիս, որ եթե ի վիճակի չեմ վճարել նոր օրենքով նախատեսված գույքահարկը, ապա կարող եմ վաճառել իմ բնակարանն ու ավելի համեստ կյանքով ապրել՝ տեղափոխվելով մեկ այլ վայր։ Սա նախ ինձ մոտ զարմանք առաջացրեց, իսկ մի քանի օր անց, երբ հասկացա, որ սա ամփոփ նոր քաղաքականության բանաձևումն էր՝ նախաձեռնեցի ֆլոշմոբը»,-ասաց Արծրունին։

Նրա խոսքով օրենքի նախագծում հաշվի առնված չեն բնիկ երևանցիները, Երևանի բնակչության զգալի մասին իրավունքներն անտեսված են, ուստի ֆլեշմոբի հիմնական նպատակն այդ իրավունքների և բնիկ երևանցիների կարգավիճակի վրա ուշադրություն գրավելն է։

«Այո, մարդիկ, կոպեկներ վճարելով, դղյակներ էին կառուցում, սակայն օրենքը զուգահեռաբար ոտնակոխում է բնիկ երևանցիներին, որոնք ոչ թե իրենց բնակարանները ձեռք են բերել, որովհետև միլինատեր են ու հանցավոր կերպով հարստացել են, այլ պարզապես բնիկներ են, իրենց բնակարանները ստացել են իբրև ժառանգություն, որովհետև սերդնեսերունդ ապրել են այս քաղաքում։ Շատ լավ գիտեք, որ ամենաթանկ հողը կենտրոնում է, և եթե կադաստրային սկզբունքից անցում կատարվի շուկայական գնի սկզբունքին, ապա հարկերն աճելու են նաև բնիկների համար, որոնք բնավ դղյակներում չեն ապրում»,-շեշտեց մեր զրուցակիցը։


Արծրունու դիտարկմամբ մոտակա ժամանակահատվածում այս խնդիրը կծագի նաև Հայաստանի այլ քաղաքների բնակիչների համար։

«Այս բնակավայրերի բնիկներն ավելի հնաբանակ են, քան բուն երևանցիները, որովհետև Երևանի՝ իբրև մայրաքաղաք, պատմությունը սկսվում է անցած դարի 20-ականներից, սակայն մենք ունենք քաղաքներ, որոնք շատ ավելի մեծ պատմություն ունեն և դրանց բնիկները շատ ավելի խոցելի վիճակում կարող են հայտնվել»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հրավերին, որով առաջարկում է ֆլեշմոբի մասնակիցներին ընտրել 5-7 հոգու և ԱԺ-ում քննարկել գույքահարկի թեման, մշակութային գործիչն ասաց․ «Մենք քննարկում ենք մեր ընկերների հետ այդ հանդիպման արդյունավետությունն ու ֆորմատը։ Անձամբ ես հակված եմ նման հանդիպումների»։

Դե իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Բաբկեն Թունյանը դիմել է նաև անձամբ իրեն, իսկ ինքն առաջարկել է, որ մի քանի հոգով քննարկելու փոխարեն, ավելի ճիշտ կլինի, որպեսզի բոլորի համար միանգամից բացատրվի այդ օրենքը։